շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոշել եմ ներկայանալ «քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Որոշել եմ ներկայանալ «քննիչ հանձնաժողով»՝ բացատրություններ տալու. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր։

«2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը:

«Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր», - ասված է հայտարարության մեջ:

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու մասին Դավիթ Տոնոյանի ներկայացրած միջնորդությունը՝ ստորև․

«Հարգելի՛ դատարան, դատավարության հարգելի՛ մասնակիցներ

Ինչպես հայտնի է, 2022թ. փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը /այսուհետ՝ նաև Հանձնաժողով/, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան՝ քննության առարկա հանդիսացող 7 ուղղություններն են`

1/ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,

2/ Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները,

3/ Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,

4/ Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

5/ Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,

6/ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,

7/ Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել Հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ:

Բացի այդ, ներկայիս իմ կալանավորված լինելու պայմաններում հնարավոր չէ ՔԿՀ-ում ապահովել Հանձնաժողովի նիստի անցկացում, քանի որ Հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում պատգամավորներ (ներառված են նաև փորձագետներ, արտախորհրդարանական ընդդիմություն, զոհվածների ծնողներ, կան նաև քարտուղարներ, սպասարկող անձնակազմ), իսկ ՔԿՀ լավագույն դեպքում կարող են Դատարանի թույլտվությամբ մուտք գործել միայն պատգամավորները, ինչպես նաև հնարավոր չէ ապահովվել իմ կողմից պահանջած Հանձնաժողովի դռնբաց նիստի անցկացումը: Չկա նաև հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, քանի որ ՔԿՀ-ի ռեժիմը փակ է:

Դրանից զատ, Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից:

Միաժամանակ նշեմ, որ Հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում:

Ելնելով վերոգրյալից.

Խնդրում եմ՝

Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով»։

  • Կիսվել: