հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն․ Պապիկյան

Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց. «Դա զինված ուժերի դիմակայման  խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաեւ գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք  դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Հարցին, թե արդյոք կուտակումներ կան Արցախի եւ Հայաստանի սահմաններին, նախարարն արձագանքեց. «ԼՂ շուրջ կուտակումների եւ մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաեւ ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»:

  • Կիսվել: