չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր առաքելությունն առաջնագծի տղաների կողքին լինելն է. Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է

Մեր առաքելությունն առաջնագծի տղաների կողքին լինելն է. Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն արդեն Արցախում է: 1lurer.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ մի քանի ժամ է՝ ինչ Ստեփանակերտում է և հասցրել է նկատել, որ ժողովրդի տրամադրությունը հաղթական է։

«Հիմա՝ գոնե այս պահին, Ստեփանակերտի երկինքը խաղաղ է։ Զգացվում է, որ քաղաքը պատերազմական դրության մեջ է, բայց տրամադրությունը բարձր է։ Որքան էլ իրավիճակն ինքն իրենով ծանր կարող է լինել, այդուհանդերձ, ժողովրդի ոգին բարձր է, փառք Աստծո, ամեն ինչ երևի շատ շուտով իր ընթացքի մեջ կմտնի և շատ ավելի լավ կլինի՝ Աստծո կամոք և զորությամբ, և մեր շատ սիրելի տղաների ու մեր ողջ ժողովրդի ուժով»,- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց, որ վաղը կսկսի իր կարևոր հանդիպումները, այցելություններն ու առաքելությունը տարբեր ուղղություններով, հավանական է՝ սկսի շարժվել նախ հյուսիսային ուղղությամբ։

«Մեր առաքելությունն առաջնագիծ այցելելն է, մեր տղաների հետ լինելն է, իրենց  քաջալերելն է ու մեր հոգևոր խնամքը տարածելն  է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ այս օրերին պետք է բոլորս միասնական լինենք՝ ամուր թիկունք։

«Մենք այսօր  միասնական կամքով, ամուր թիկունքով ուղղակիորեն բոլոր հնարավոր միջոցներով՝ ֆինանսական, նյութական, հոգևոր, մեր բոլոր ապրումներով, զգացումներով և աղոթքով, բոլոր ճանապարհներով՝ անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից  ու դիրքորոշումներից, բոլոր իմաստով աջակից պետք է լինենք մեր այսօրվա ազատամարտին՝ մեր  Արցախին ու հերոսական պայքար մղող  մեր սիրելի զինվորներին»։

Սրբազանն ասաց, որ այդ ամենը պետք է լինի ավելի իրական, քան իրականությունն է։ Նա հատուկ ընդգծեց, որ իր խնդրանքն է, որ նաև սոցիալական ցանցերում մարդիկ ավելի զգույշ լինեն, ավելի շրջահայաց ու զգացմունքները ինչ-որ չափով  կարողանան զսպել, թաքցնել։

«Սա միայն պատերազմ չէ հողի վրա, սա նաև պատերազմ է ամբողջ տեղեկատվական դաշտում։ Մենք հուսալից ենք առավել քան Աստծո զորությամբ, որ այս ամենը պսակվելու է բացառիկ հաղթանակով, և վերջակետ ենք դնելու մեր բոլոր տեսակի տառապանքներին»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 

  • Կիսվել: