ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանն է ինձ խնդրել, որ Մովսես Հակոբյանը 44–օրյային գտնվի Արցախում. Տոնոյան

Ջալալ Հարությունյանն է ինձ խնդրել, որ Մովսես Հակոբյանը 44–օրյային գտնվի Արցախում. Տոնոյան

2020 թ. 44–օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամնանատար Ջալալ Հարությունյանն ինքն է ինձ անձամբ խնդրել, որ գեներալ–գնդապետ, այդ ժամանակ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ ցուցումով է գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։
 
Տոնոյանը նաև նշեց, որ, որքան հիշում է, այդ օրերին ՀՀ ռազմական տեսչությունը ստուգումներ էր իրականացնում Արցախում։
 
«Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախի ՊԲ հրամանատարի` անձամբ նաև ինձ ուղղված խնդրանքն էր, որ Մովսես Հակոբյանի ներկա լինի Արցախում թե հրամանատարական կետում։ Այսինքն, նա ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրանանատարը, նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը գտնվի ու աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք դա ճշտել Ջալալ Հարությունյանից»,– ընդգծեց Տոնոյանը։
Արդյոք դա եղե՞լ է գրավոր հրաման, Տոնոյանը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է փաստաթղթերի առումով խնդիրներ եղած լինել, բայց դա հնարավոր է ստուգել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելացրեց, որ Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրմանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։
«Խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացավ քովիդով ու առողջանալուց հետո շարունակեց իր գործունեությունը ՀՀ ՊՆ–ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– նշեց Տոնոյանը։
 
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։
Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։
Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։
 

  • Կիսվել: