Իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ ԶՈւ-ի կողմից. Գեղարքունիքի մարզպետարան
Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
՛՛Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել:
Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:
Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: