շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են. դեսպան

Հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են. դեսպան

 Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում փետրվարի 9-ին հանդիսավոր արարողությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «ֆեյսբուք» սոցիալականն հարթակում տեղադրված հաղորդագրությունից: 

Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում նշել է ներկայիս անվտանգային զարգացումների համատեքստում ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների անխուսափելիությունը, կարևորելով միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափերով:

Նա ընդգծել է նաև Հունաստանի ռազմական կրթական հաստատություններում հայ կուրսանտների առկայությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումների գործում վերջիններիս առաքելության համատեքստում:

Ըստ աղբյուրի՝ ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը:

Դեսպանն ընդգծել է, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են։ 

«Բարեփոխումների ճանապարհով բանակի վերակազմավորումը հետապնդում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակ, ինչը հետևողական և ժամանակատար աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվի»,- ասել է նա:

Նա նշել է նաև, որ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը կարիք ունի վստահելի գործընկերների։

Ներկաները վայելել  են հունահայ Միհրան Ցալիկյանի գլխավորած փողային նվագախմբի կատարումներ`նվիրված Հայաստանին և հայկական բանակին։

Միջոցառմանը հաջորդել է հայկական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։

 

  • Կիսվել: