կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ նիստում ներկայացրեց նախագիծ, որով հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման, օրենքով սահմանված պարտականությունների խախտման համար վարչական պատասխանատվության նախատեսման հետ կապված մի շարք հարաբերություններ։

Մասնավորապես, սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ, 1-3 ամիս ժամկետով։

Կատարվող փոփոխությունները, փոխնախարարի խոսքով, վերաբերում են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, որում կատարվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները։

«Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքով, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքով, համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով ԶՈՒ գործունեության կամ տեղակայման, կամ իր, կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր, լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքով»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: