չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրդեհից զոհված զինվորի հայրը պնդում է՝ տղաները խնդիր են ունեցել կապիտանի հետ (տեսանյութ)

Հրդեհից զոհված զինվորի հայրը պնդում է՝ տղաները խնդիր են ունեցել կապիտանի հետ (տեսանյութ)

Զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած զինվորների հարազատներն արդար քննություն են պահանջում ու տարակուսում՝ ինչո՞ւ դեպքից մոտ մեկ շաբաթ անց դեռ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան, գրում է azatutyun.am-ը: 

Տարբեր վարկածներ են պրպտում, ընդ որում՝ որևէ մեկը չի համընկնում պաշտոնականի հետ, թե կեսգիշերին 28-ամյա կապիտանը փորձել է վառարանը բենզինով թեժացրել, ինչից էլ ծագել է 15 զինվորի կյանք խլած հուժկու հրդեհը։

«Էդ հնարավոր չի... Դու գիտես, որ էդ բենզինը բոց ա տալու։ Հո դու ինքնասպա՞ն չես։ Խելացի մարդի չի կարա տենց բան անի։ Եթե ես փորձեմ բենզինով փեջ վառեմ, ուրեմն գիտեմ, որ էս տունը չկա», - ասում է հարազատներից մեկը։

«Ես ինչքան գնացել եմ էնտեղ, բենզին գոյություն չուներ։ Ուներ քսան լիտր կանիստրներով սալյարկեն տրակտորների համար։ Էդ տրակտորները հո բենզինով չէ՞ին աշխատում, որ բերեին... մի տասը կանիստր էլ, ասում են, բենզին ա էղել։ Էդտեղ էղել ա ընդամենը, ես արդեն իմացել եմ, մի լիտր բենզին, որ ընտեղ բերել տրակտոր, որ ռեմոնտ անեն։ Հլը էդ վառարանը անցած տարի, ես որ գնացի, սալյարկով էին վառում։ Էս տարի մի քառասուն կուբամետրից ավել... ասին էրեխեքը՝ պապի ջան, տես ինչքան փայտ ենք բերել, էս տարի պտի փայտով վառենք», - հավելում է զոհերից մեկի՝ վանաձորցի Արամ Մանուկյանի պապը։

Իրար կողքի են դնում վերջին օրերին ստացած տեղեկությունները, լրատվամիջոցների հրապարակումները, աչքով տեսածն ու պնդում՝ 15 սակրավոր չէին կարող այնքան խորը քնել, որ հրդեհը, ձայները, ցավը չարթնացնեին նրանց, չկարողանային դուրս պրծնել կրակից։ Արամ Մանուկյանի պապը կասկածում է, որ մինչև հրդեհն արդեն ինչ-որ բան կատարվել էր զինվորների հետ. - «Թե թուրքն ա արել, թե հայն ա արել՝ արդեն ինձ անհայտ է։ Բայց էրեխեքը ոնց որ քնել են անշարժ, անշարժ էլ վառվել են»։

Անպատասխան հարցեր են բարձրացնում՝ ինչպե՞ս կարողացան զինվորներից երկուսը ճաղավանդակների արանքից դուրս գալ, եթե նկարներում լայն բացված ճաղեր չեն երևում, ինչո՞ւ մյուսներն արթնանալ չկարողացան, ինչո՞ւ էին մյուս զինակիցներից երկուսը գիշերվա կեսին ջրի գնացել, ինչո՞ւ էր կապիտանը իր վրա վերցրել կրակը թեժացնելու գործը, այլ ոչ օրվա հերթապահը։

Ինչո՞ւ երկրի ղեկավարը դեպքից ժամեր անց, իրենց կարծիքով, կանխակալ պատմություն տարածեց՝ ասես միանգամից հերքելով մյուս հնարավոր վարկածները՝ դիվերսիայից մինչև դիտավորյալ սպանություն. - «Ինչի՞ էիր միանգամից հայտարարում, որ բենզին ա լցրել սպան։ Հլը սպասեիր, հլը վերլուծեիր։ Լավ, ընդունենք բենզին ա լցրել, էրեխեքը քնած ու շպրտեց էրեխեքի վրա։ Ուրեմն էդ սալդաթները էլ ո՞նց պտի թուրքից մեզ պաշտպանեին, եթե էդքան երիտասարդ, արդեն կոփված էրեխեքը չկարողանային էդտեղից գոնե հինգ հոգին դուրս գային։ Մարդուն եթե ցավ ա տալիս, կրակ չէ, ինչ ուզում է լինի, իրանք էլ հո ճանապարհը գիտեի՞ն դուռը որտեղ ա... փախչեին դուռը»։

Իր ավագ որդուն կորցրած Արտակ Ասրյանն ասում է՝ նախկինում երբեք տղան չէր դժգոհել ծառայությունից, բայց վերջին օրերին անհանգիստ էր։ Հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտից է խոսել, անգամ խնդրել, թե ուզում է այլ տեղ շարունակել ծառայությունը։ Ասրյանը համոզված է՝ զինվորները հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի հետ խնդիրներ են ունեցել. - «Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները։ Էրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել։ Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ։ Ասեց՝ բոլորի համար էլ վատ ա»։

Քննիչները խոստացել են Ռոստոմ Ասրյանի ընտանիքին վերադարձնել նրա ձեռքի ժամացույցը, որ հրդեհից հետո էլ անխափան աշխատում էր։ Ասել են, թե չեն այրվել նաև զինվորի անձնական իրերը, որ միշտ նրա մահճակալի տակ են եղել։ Ռոստոմի ծնողներն ասում են՝ այդ ինչպե՞ս եղավ, որ դրանք հրդեհից հեռու եղան, չվնասվեցին։ Ուրեմն՝ հրդեհից առաջ դրսում էին՝ կրակից հեռու, ասում է Արտակ Ասրյանը. - «Սումկեքը շուտ հանած են էղել էդտեղից»։

«Եթե պոլը այրվել ա, պոլից պատալոկ ամբողջը... եթե էրեխեքն են այրվել, սումկե՞ն ա մնացել, ժամացո՞ւյցն ա մնացել», - հավելում է որդեկորույս մայրը։

Ծանր կորուստ կրած ընտանիքներում կասկածի տակ են առնում վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնեական անփութության հոդվածները, որով քրեական գործ են հարուցել։ Ասում են՝ քննությանն անձամբ են հետևելու, իրենց սեփական հետաքննություններն անեն ու հասնեն արդարադատության. - «Ասում են՝ մեղավորները պատժվեցին։ Ի՞նչ ես պատժել... իրեք հատ փոխհրամանատա՞ր ես հանել։ Մեկ ուրիշը կգա, դրանով ի՞նչն է փոխվում, ի՞նչ տարբերություն։ Էսօր էդ էրեխեքը 15-ն են, հետո էլ կէղնեն 25, եթե սենց թողենք»։

Ռոստոմենց տանը պատի ժամացույցի սլաքները կանգնած են, մշտապես ցույց կտան մեկն անց երեսունը, երբ ընդհատվել է իրենց 19-ամյա զինվորի կյանքը:

 

  • Կիսվել: