երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան

Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան

 Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ ԱԺ–ում, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Սա վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա և դա կարգավորման կարիք ունի, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է զինվորական համազգեստ ձեռք բերել։ Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։
Սարգսյանը հավելեց` առաջիկայում կփոխվի ԶՈւ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։
 
Հիշեցնենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը։
Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Պայմանագրային զինծառայողների համար էլ սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։
Զինծառայողներին կարգելվի նաև սմարթֆոններ օգտագործելը։

  • Կիսվել: