կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն. 6 ամսվա պատվովճարը՝ 1 մլն դրամ

18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն. 6 ամսվա պատվովճարը՝ 1 մլն դրամ

Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ կներդրվի: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները:

Դիմում ներկայացնելու ժամկետներ են սահմանվում մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը, դիմողներն իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Զորակոչված իգական սեռի զինծառայողները, առանց վիճակահանության, նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը»,- ասաց Պապիկյանը, ապա տեղեկացրեց, որ վարչակազմում ընդգրկվելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք:  

6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում իգական սեռի զինծառայողները ստանալու են պատվովճար: 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում նրանք կստանան 1 միլիոն դրամ պատվովճար, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա կբաժանվի և կբազմապատկվի փաստացի ծառայած ամիսների թվով:

Իգական սեռի ներկայացուցիչներին 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավունք կտրվի դիմելու 5 տարվա պայմանագրային ծառայության: Զորացրվածները կհաշվառվեն պահեստազորում, ենթակա կլինեն վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի:

 

  • Կիսվել: