հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեի հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հաշվեհամարին է փոխանցվել Գուգարք համայնքի ղեկավարի կողմից համայնքին պատճառված 12 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2005 թվականի հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության եւ դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, նպատակադրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը եւ լրացուցիչ եկամուտներ ապահովելուն:

Այդ նպատակով նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու եւ մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով պահանջել է, որպեսզի իր կինը նշված հողատարածքը վարձակալելու մտադրության մասին համապատասխան դիմում ներկայացնի համայնքապետարան:

Այնուհետեւ, անձամբ նախաձեռնելով հողատարածքի հատակագծման աշխատանքները, ստեղծելով եւ ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, կազմակերպել եւ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձեւական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007 թվականի հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով եւ տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նույն ժամանակահատվածում խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հիշյալ հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ինքնակամ ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մասին, տեւական ժամանակ՝ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում, դիտավորությամբ որեւէ միջոց չի ձեռնարկել՝ համայնքի սեփականություն հանդիսացող նշված հողամասի ինքնակամ զավթումը, դրա վրա առանց թույլտվության շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու, ինչպես նաեւ՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

 
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով եւ 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն):

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12.494.000 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: