ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը չի հիշում, թե ում հիմնավորմամբ են կրճատվել 1-ին բանակային կորպուսի զորամասերը

Փաշինյանը չի հիշում, թե ում հիմնավորմամբ են կրճատվել 1-ին բանակային կորպուսի զորամասերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հիշում, թե ում առաջարկով և հիմնավորմամբ են 2019-2020թթ. կրճատվել առաջին բանակային կորպուսի զորամասերը, նաև ռադիոլեկտրոնային պայքարի զորամասերն ու ստորաբաժանումները։

«Ես չեմ կարող հիշել, ինչքան տեղյակ եմ կամ ճիշտ եմ հիշում` վարչապետի ու կառավարության լիազորության հարց չեն։ Բայց ես հետո եմ լսել ու իմացել, որ նման որոշում կայացվել է, որ ունեցել է որոշակի հիմնավորում, որի հետ ոչ բոլորն են համաձայն եղել»,– ասաց Փաշինյանն ու հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին,– դա կառավարությա՞ն տիրույթի որոշում է։

Քոչարյանը պատասխանեց` ո՛չ, բայց քանի որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարց է, պետք է այդ մասին վարչապետը տեղեկացված լիներ կամ Անվտանգության խորհրդում քննարկվեր։

«Դա լրացուցիչ ճշտելու հարց է»,– նշեց Փաշինյանը։

Հանձնաժողովի նիստում նաև հարց հնչեց, թե ինչպես և ինչ հիմնավորումներով ստեղծվեցին ՀՀ ԶՈւ դեսանտագրոհային 4 գումարտակները, որոնք տեղակայված էին 3-րդ, 4-րդ, 5-րդ բանակային կորպուսներում և Դրմբոնում։

Փաշինյանը նշեց` եթե թեման ճիշտ է հասկանում, ապա դա ևս «ամեն ինչ բանակի համար»–ի շրջանակներում է` բանակը հիմնավորել է` սա պետք է անել, արվել է։

Նա հավելեց, որ սպառազինությունների ձեռքբերման, տարբեր զորատեսակների կրճատման և ավելացման հետ կապված հիմնավորումները զինված ուժերի ղեկավարությունը ներկայացրել է` որպես փաստարկ հաշվի առնելով նաև հնարավոր պատերազմը և բանակի շարժունակությունը։

  • Կիսվել: