Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում բժշկական հետազոտություն անցնելուց կամ նմուշ տրամադրելուց հրաժարվող զորակոչիկների և այլընտրանքային ծառայողների համար։
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Նա օրենքի փոփոխությունները բացատրել է այն հանգամանքներով, որ երբեմն զորակոչից ու վարժական հավաքից խուսափելու համար հարուցված վարույթի ընթացքում քաղաքացիները հրաժարվում են նշանակված առողջության հետազոտություն անցնելուց կամ նմուշ տալուց։
Առաջարկվող օրենսդրական լուծումն, ըստ հեղինակի ու հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի, կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատականի: Ալեքսանյանը նաև նշել է, որ օրինագիծը մեծ մասամբ հիմնված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախկինում ներկայացված նախաձեռնությունների վրա և ստացել է խմբակցության աջակցությունը։
Նախագծով նախկինում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացիները կպարտադրվեն կրկնակի բժշկական հետազոտություն անցնել կամ հանձնել անհրաժեշտ անալիզները, եթե կասկածներ կան ծառայությունից ազատման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիության վերաբերյալ։
Փաստաթղթի տեքստից հետևում է, որ կրկնակի հետազոտություն նշանակելու պարտադիր պայման է քրեական վարույթի առկայությունը։ Նախագիծը նաև նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն կառաջանա ոչ միայն կրկնակի բժշկական հետազոտություն անցնելուց հրաժարվելու, այլև նշանակված փորձաքննության շրջանակներում հետազոտման համար անհրաժեշտ նմուշներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցնի առողջական վիճակի հետազոտությունը կամ կամավոր տրամադրի անհրաժեշտ նմուշը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությանը կողմ է արտահայտվել նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ բժշկական տվյալների պահպանվածության բացակայությունը։ «Շատ քիչ հիվանդանոցներ են պահպանել, թվայնացրել և այժմ էլ հասանելի են։ Եթե տվյալ նախաձեռնությունն ընդունվի, մենք բազա ունենք, որտեղ կստուգենք։ Կոնկրետ մեկ-երկու հիվանդանոց ունենք, որտեղ պահպանված են արդյունքները»,- ասել է Քոչարյանը։
Ըստ նրա՝ օրենքի ընդունումը թույլ կտա վերականգնել տվյալները և բարձրացնել թափանցիկությունը բժշկական գրառումների համակարգում։ Իր հերթին, Սարգսյանն ասել է, որ իր տեղեկություններով, զինվորական ծառայությունից ազատումների զգալի մասը տրվում է կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա։ «Մենք զորակոչ ենք կորցնում կեղծ առողջական թղթերով ծառայությունից ազատվելու պատճառով։ Օրենքը շուտով կընդունվի, և մենք միջոցներ կձեռնարկենք դրա դեմ»,- շեշտել է Սարգսյանն։
Սարգսյանի խոսքով՝ 2022 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ զորակոչիկների մոտ 69%-ն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, առավելապես՝ առողջական խնդիրների պատճառով։ «Երբ բժիշկը զորակոչիկին տեղեկանք էր տալիս, զորակոչիկին ասում էր, եթե քեզ սրանից հետո կանչեն, ուղղակի կհրաժարվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել»,- նշել է պատգամավորը։
Նա նաև տվյալներ է ներկայացրել զորակոչային տարիքի տղամարդկանց շրջանում քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի աճի վերաբերյալ՝ նշելով, որ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է շուրջ 1900, իսն 2025 թվականին՝ մոտ 2800 տղա։


