հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայրենիքին ծառայելը ոչ թե պարտավորություն է, այլ առաքելություն

Հայրենիքին ծառայելը ոչ թե պարտավորություն է, այլ առաքելություն

Հրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը։

«Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում մեր առջեւ դրված խնդիրներին։ Ենթակա անձնակազմին մանրամասն փոխանցում եմ մասնագիտական  գիտելիքները և համոզված եմ, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը», - ասում է սերժանտ Ղարիբյանը։

Սերժանտ Ղարիբյանը հրանոթի հրամանատարն է, զորամասի օրինակելի ու կարգապահ զինվորներից մեկը։ Նրա ղեկավարմամբ հաշվարկը հաջորդաբար կատարում է գործողությունները, ըստ պայմանական կոորդինատների որոշում նշանակետերը և զեկուցում պատրաստության մասին։

Ուսումնական առօրյան հագեցած է, և սա միանգամայն օրինաչափ գործընթաց է, քանի որ մասնագիտական դասաժամերն են ամրապնդում զինծառայողների արհեստավարժությունն ու առաջադրված խնդիրը օպերատիվորեն կատարելու ունակությունը։

Զինծառայող Արամ Սուքիասյանը վստահեցնում է, որ շատ է սիրում հրետանավորի մասնագիտությունը, պարապմունքներն էլ անցնում են շատ հետաքրքիր ու հագեցած։

«Այս մասնագիտությունը պահանջում է բարձր զգոնություն, շատ գիտելիք, ֆիզիկական ուժ եւ մեծ կամք», - համոզված է նա։  Եվ այդ կամքի ուժի ու սովորելու մեծ ձգտման շնորհիվ է կրտսեր սերժանտը համալրել բանակի գերազանցիկների շարքերը:

Նարեկ Աղբալյանը նույնպես զինվորական ծառայության մեջ հաջողության հասնելու իր տեսլականն ունի. լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կանգ չառնել՝ անընդհատ կրթվել ու ինքնակատարելագործվել, և որ ամենակարևորն է՝ ծառայել նվիրումով ու կարգապահությամբ։

«Ծառայությունն ինքնին մեծ պատասխանատվություն եւ մեծ պատիվ է։ Որպես արդեն 15 ամիս ծառայող զինվոր, համոզված ասում եմ, որ այն անհրաժեշտություն է բոլոր տղաների համար։ Զինված ուժերում ծառայելը պարտականություն չեմ համարում, այլ առաքելություն։ Համոզված եմ, որ նաեւ ինձնից է կախված բանակի մարտունակությունն ու հզորությունը», - իր ծառայության նշանակության գիտակցմամբ պնդում է զինվորը։

Զինվորական ծառայության հանդեպ Նարեկի ունեցած վերաբերմունքից դժվար չէ կռահել. նա ևս զորամասի լավագույններից է՝ հայրենիքի պաշտպանի օրինակելի կերպար, որն իր հաջողության գաղտնիքը առաջին հերթին պայմանավորում է բանակային կյանքի դժվարությունները պատվով հաղթահարելու պատրաստակամությամբ։

«Խորհուրդ կտամ բոլորին տրամադրվել լավատեսությամբ, քանի որ խոչընդոտները միայն այդ ժամանակ են դադարում բեռ լինելուց։ Բանակում բոլորը պետք է լիարժեք տիրապետեն իրենց մասնագիտությանը», - համոզված է Նարեկը։

Գործնական և տեսական դասաժամերը տարբեր ստորաբաժանումներում սահուն ընթացքի մեջ են՝ ըստ օրվա կարգացուցակի։ Ծառայության մեջ մանրուքներ չկան. հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերներ՝ պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մարտունակ զինվոր լինելու յուրաքանչյուր բաղադրիչի․ վստահ են կրտսեր հրամանատարները։

«Միայն այստեղ ես լիարժեք հասկանում զինվորի առաքելությունն ու ծառայության նշանակությունը։ Հասկանում ես, որ այս երկու տարին ամբողջ հոգով ու սրտով, բարձր գիտակցությամբ  ջանք ու եռանդ չպետք է խնայես Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար», - զրույցին է միանում Տիգրան Հակոբյանը:

Տիգրանը մեծ հպարտությամբ է ներկայացնում այն բոլոր կրծքանշանները, որոնք ստացել է օրինակելի վարքի ու իր մասնագիտության մեջ գերազանց արդյունքների հասնելու համար։ Նրա ու բոլորի համոզմունքն է՝ բանակից պետք է քաղել առավելագույնը ոչ միայն որպես հայրենիքի պաշտպան կայանալու, այլև կենսափորձը հարստացնելու և ինքնակրթվելու համար։ Սա է զինվորական երկամյակը պատվով անցնելու նրանց բանաձևը։

  • Կիսվել: