չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական բնագավառում

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական բնագավառում

2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը: Այն վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, նախագիծը ներկայացնելիս պարզաբանեց, թե ինչ է ենթադրում նախագծի վավերացումը:

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները:

Նշեմ, որ համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- ասաց նախարարի տեղակալը:

  • Կիսվել: