հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և մենք այն պաշտպանելու ենք. ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և մենք այն պաշտպանելու ենք. ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Այսօր Հայաստանում հավատարմագրված դեսպանների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն արձագանքեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ Ադրբեջանի ուժերն ու զինտեխնիկան, որոնք կուտակված են Նախիջևանի հատվածում, մեծաքանակ են, ուստի առկա է հերթական պատերազմի վտանգը։

Նա հաստատեց, որ թշնամու ուժերը մեծաքանակ են, սակայն այլ տարբերակ, քան մեր տունը՝ հայրենիքը, պաշտպանելը, Հայաստանի զինված ուժերը չունեն։

Ըստ Մարտիկյանի՝ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանն իր պատմության ընթացքում շատ է բախվել թշնամու մեծաքանակ ուժերի հետ, սակայն հայրենիքը պաշտպանել է և պաշտպանելու է։

՛՛Վերջին 1 000 տարում ուրիշ տարբերակ եղե՞լ է։ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և մենք այն պաշտպանելու ենք։ Չգիտեմ՝ ով է մեզ հետ, բայց մենք պաշտպանելու ենք՛՛,-նշեց Մարտիկյանը։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի ուժերն այսօր միայն այդ մի հատվածում չեն, իսկ թվաքանակով մի քանի անգամ շատ են եղել նաև 90-ականներին։

՛՛Իսկ եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք պետք է 2020 թվականի դեպքերից թևաթափ լինենք, խուճապի մատնվենք և մեր պարտականությունները չկատարենք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ։ Մենք մեր խնդիրը կատարելու ենք։

Ինչ վերաբերում է պատերազմին, այո, մենք սպասում ենք՝ ամեն օր։ Ու կապ չունի՝ իրենք շատ են, թե քիչ։ Իրենք միշտ էլ շատ են եղել, բայց դա բան չի որոշել՛՛,-ասաց Մարտիկյանը:

  • Կիսվել: