երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

Թեեւ մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը եւ նաեւ ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք փակ, թե բաց քննարկում են առաջարկում կազմակերպել:

«Ձեւաչափը կարեւոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,-ասաց Մինասյանը»:

Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Եթե բաց եք առաջարկում, ապա այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, ամբողջ ղեկավարությունը այստեղ է լինելու: Իսկ եթե փակ, ես պատրաստ եմ խոսել  համապատասխան գերատեսչությունների հետ: Լավ, աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

  • Կիսվել: