Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը:
Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ: