ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու կարգեր են գործում նաեւ Թուրքիայում, Ղազախստանում, Վրաստանում. ՔՊ պատգամավոր

Գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու կարգեր են գործում նաեւ Թուրքիայում, Ղազախստանում, Վրաստանում. ՔՊ պատգամավոր

Գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու կարգավորումներ գործում են նաեւ այլ երկրներում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Օրինակ, Թուրքիայում 25 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 1,3 մլն դրամ եւ ծառայոել 21 օր: Նման փորձ կա Ղազախստանում, որտեղ 24 տարին լրանալուց հետո քաղաքացին կարող է վճարել 340 հազար դրամ եւ ծառայել 35 օր:

Վրաստանում քաղաքացիները կարող են վճարել մոտ 3,3 մլն դրամ եւ չծառայել բանակում: Այնտեղ ծառայության ժամկետը 12 ամիս է»,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին իր առաջարկած նախագծի շահառու է 5 հազարից ավելի քաղաքացի. «Այսինքն ունենք քրեական օրենսգրքի 461 հոդվածով  հետախուզման մեջ գտնվողն, այն է՝ պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած ավելի քան 5 հազար քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է: Այսօր եթե նրանք բոլորը վերադառնան, բոլորը կենթարկվեն ազատազրկման մինչեւ 5 տարի ժամկետով եւ պետությունը նրանց յուրաքանչյուրին պահելու վրա կծախսի տարեկան ավելի քան 1 մլն դրամ: 

Եթե այդ քաղաքացիները մինչեւ 37 տարին լրանալը չգան Հայաստան, նրանց նկատմամբ քրգործը կկարճվի վաղեմության հիմքով: Այս քաղաքացիները ոչ կծառայեն, ոչ էլ որեւէ դրամ կմուծեն բյուջե»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես:

  • Կիսվել: