երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ես լավ եմ, մի՛ եկեք». Արտակ Դեղոյանը վիրավոր ու արնաքամ վիճակում էլ շարունակել է կռվել մինչև վերջ (տեսանյութ)

«Ես լավ եմ, մի՛ եկեք». Արտակ Դեղոյանը վիրավոր ու արնաքամ վիճակում էլ շարունակել է կռվել մինչև վերջ (տեսանյութ)

Ճակատ մեկնելիս Արտակը ժպիտով գնում էր հաղթանակի հետևից: Պատերազմի կրկնությունը բացառելը վերջին նպատակն էր, որի իրականացման համար Արտակ Դեղոյանը զոհասեղանին դրեց սեփական կյանքը: Առանց մեկ օր անգամ կորցնելու Արտակը համառել է, կամավորագրվել ու մեկնել ճակատ, թեև ընկերները չեն ցանկացել, որ Արտակը ճակատ մեկնի: Բայց Արտակն անդրդվելի էր: Արեց այնպես, ինչպես որոշել էր, գրում է tert.am-ը:

Արտակի մտադրությունը հարազատներն անհանգստությամբ են ընդունել: Կարծել են՝ կրկին էմոցիաներն են գլուխ բարձրացրել:

«Ասացի՝ որոշել ես գնա՞լ, բա երեխեքիդ ո՞ւմ ես թողնում, ասաց՝ ճիշտ ես, երեք շառավիղ ունեմ: Իսկ ի՞նչ ասեն 18-20 տարեկան երեխեքը, որ ոչ մի բան չեն հասցրել անել: Ու ես հասկացա, որ այստեղ էմոցիա չկա: Ինքը գիտակցված է գնում այդ քայլին», - պատմում է Արտակ Դեղոյանի քույրը:  

 

Ընկերը պատմում է, որ Արտակի ոգևորվածությունը հաճախ նույնիսկ վախեցնում էր: Միտքը հանգիստ չէր տալիս՝ միայն թե խենթություններ չանի: Վերջին խենթությունը փրկեց շատերի կյանքը:

«Մնացել էր, որ մոլորված զինծառայողներին օգնի: Երբ եկավ, բարկացա, վիճեցի հետը, ասացի՝ ես քեզ ասել էի, չէ՞, որ կողքիցս տեղ չգնաս, ասաց՝ ո՞նց կարող էի չօգնել, մոլորվել էին», - պատմում է Արտակ Դեղոյանի մարտական ընկերը:

Դեռ մանկուց Արտակը համառ էր, խենթ ու չարաճճի: Քույրը հիշում է միասին ճամբար գնալն ու Արտակի անկարգությունները, որի համար միշտ նախատել է եղբորը: Բանակում ծառայելու ընթացքում էլ հրամանատարների սիրելի զինվորներից է եղել՝ աշխույժ ու ճարպիկ: Ծառայակից ընկերն ասում է՝ ամեն տեղ արդարություն էր փնտրում: Սա Արտակի վերջին կռիվն էր՝ հանուն պատմական արդարության:

Արտակը վերջին անգամ զենք էր վերցրել ժամկետային զինծառայության ընթացքում: 21 տարվա դադարից հետո, 41 տարեկանում Արտակը կրկին համազգեստով էր: Արտակի կռիվը սկսվեց սերունդներին խաղաղ ապագա ժառանգելու մեծ նպատակից:

Մարտական դիրքում ծանր վիրավորվելուց հետո էլ Արտակն իրեն օգնության հասնել փորձող ընկերներին ասել է՝ լավ եմ, եթե չեք կարող, մի եկեք:

«Գնացի, տեսա, որ վիրավորվել է: Վիրակապեցի ոտքը, իրեն օգնեցի հենվել ծառին ու զենքը տվեցի, որ ապահով լինի» , - պատմում է Արտակ Դեղոյանի մարտական ընկերը:

Ընկերը պատմում է, որ վիրավոր ու արնաքամ վիճակում էլ կռվել է այնպես, ինչպես դրանից առաջ: Վրեժի զգացումն ուժ է տվել՝ մինչև վերջ քաշել զենքի ձգանը: Մահն արդեն սովորական էր դարձել. խմբում բոլորն էին պատրաստ մահվանն առճակատ կանգնել:

Արտակի համար ընտանիքն ու հայրենիքն առաջին պլանում էին: Մեկն առանց մյուսի՝ դժվար էր պատկերացնում:  Ընկերներն ասում են՝ Արտակից անվերջ կարելի էր սովորել: 

Արտակը եկել էր՝ արդարությունը վերականգնելու: Եկել էր ցույց տալու՝ ինչպես են սիրում կյանքն ու հայրենիքը. նույնիսկ՝ արյան գնով: 

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: