Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին. Արշակ Կարապետյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը:
Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հարապետությանը»: