հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ խոսնակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այն նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով:

Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ՛՛:

Նա հավելեց նաեւ, որ այն կցվել է մայր վարութին եւ իրականացվում է համատեղ քննություն։ Մեղադրյալներ դեռ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

  • Կիսվել: