շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այնպես չէ, որ հարձակվել, տարածք են գրավել. դիրքային կրակոցներ են եղել.Մելքոնյան

Այնպես չէ, որ հարձակվել, տարածք են գրավել. դիրքային կրակոցներ են եղել.Մելքոնյան

Ըստ պաշտոնական հաղորդագրության մենք ունենք 4 զոհ, որոնցից մեկն ինսուլտ է ստացել, ու ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Ծառայողական քննություն է նշանակված, որ պարզեն, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել այս սադրանքը: Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի եւ մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձեւի է այդ կրակոցները եղել: Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է:

Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաեւ լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաեւ Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիեւը պետք է ինչ-որ բանով ցույց տար իր հաղթանակը, եւ ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր: Չի բացառվում, որ ուրիշ տեղերում էլ սադրանքներ լինեն: Բոլոր հատվածներում հիմա հարաբերական խաղաղություն է, ոնց եղել է, այդպես էլ մնում է, ոչ մի փոփոխություն չկա: Միայն Ներքին Հանդի հատվածում է, որ տեղի է ունեցել այդ սադրանքը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք»,-ասաց նա՝ հավելելով, որ սահմանային խախտում տեղի չի ունեցել, դիրքային կրակոցներ են եղել, դիպուկահարներն են աշխատել:

«Իրենք նախապատրաստված են եղել, իսկ մերոնք նախապատրաստված չեն եղել, ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից մենք չգիտենք՝ զոհեր ունեցել են, թե ոչ: Իրենք դեռ հայտարարություն չեն արել»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, որ սա «հատուցում» գործողություն է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իրենք միջազգային կառույցներին ցույց են տալիս, որ իբր մենք հարձակվել ենք, իրենք էլ հատուցել են: Քննությունը կպարզի՝ ովքեր են սկսել սադրանքը»:

  • Կիսվել: