շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ատեստավորման արդյունքում զինծառայողները ամսական մինչև 470 հազար դրամ հավելավճար կստանան. «անբավարար» ստացողները կզրկվեն

Ատեստավորման արդյունքում զինծառայողները ամսական մինչև 470 հազար դրամ հավելավճար կստանան. «անբավարար» ստացողները կզրկվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հաստատեց ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական եւ շարքային պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձեւաչափը եւ դրա հիման վրա հավելավճարների նոր չափերը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախագիծը՝  նշեց, որ ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտկանությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական» ,– ասաց նախարարը։

Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։

Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։

Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար» ստացողները` 230 000 դրամ հավելավճար։

Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։

Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։

  • Կիսվել: