ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու. փոխնախարար

Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու. փոխնախարար

Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու։

«Ինձ մոտ տպավորություն է, որ քննադատողնեը չեն կարդացել աշխարհազորի մասին նախագիծը։ Դուք չեք տեսնի, թե որևէ տեղ գրված է, որ քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու»,- ընդգծեց նա։

Այսպիսով, ըստ Բալայանի, զզատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին:

«Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Չեմ հասկանում, թե որտեղից են ենթադրում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ։  Նման բան գոյություն չունի»,- նշեց Գաբրիել  Բալայանը:

Ըստ նրա, զենքը, սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում։

«Չգիտեմ ինչից է ենթադրությունը վերցված, որ պետք է քաղաքում կամ համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի, այո, մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք զենքը բաժանել», - ասաց փոխնախարարը։

Գաբրիել Բալայանը հայտնեց, որ այս նախաձեռնությունը միտված է պատրաստելու բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին։

Փոխնախարարը նաև ասաց, որ նախատեսում են մինչև 70 տարեկան անձանց ընդգրկել աշխարհազորում։ Նրանց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց, ըստ Բալայանի, նրանք զինծառայողի կարգավիճակ են ստանալու, ինչը նշանակում է, որ այդ քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից:

Նա սակայն չասաց, թե ինչ զենք է տրամադրվելու աշխարհազորին։ «Թե ինչ զենք է, ինչով ենք մարզումներ իրականացնելու, ես դա չեմ բացահայտի», - ասաց Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարն ասաց, թե այսօր ունեն պահեստազորում հաշվառում չունեցող, անգամ, նախկին սպաներ 65-70 տարեկան, որոնց ֆիզիկական պատրաստությունը որևիցե բանով չի զիջում 18 տարեկան երիտասարդներին։

  • Կիսվել: