հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» բարեգործական աճուրդում վաճառվել է 30 նկար՝ 7,850 դոլարով

«Արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» բարեգործական աճուրդում վաճառվել է 30 նկար՝ 7,850 դոլարով

Ավարտվեց «The Artfor’s — արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որը մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։

Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևում էին օնլայն հարթակին, նոր գին առաջարկում իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար։

Արդյունքում վաճառվեց 30 նկար $7,850 (3,111,662 ՀՀ դրամ) ընդհանուր արժողությամբ, որից $4,100 (1,625,199 ՀՀ դրամ)՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և $3,750 (1,486,463 ՀՀ դրամ)՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որից վերջինս 300,000 ՀՀ դրամը կփոխանցի ԶԱՀ-ին։

Շնորհակալություն ենք հայտնում The Artfor’s-ի հայրենասեր երիտասարդների թիմին, ում նախաձեռնությամբ կյանքի կոչվեց բարեգործական աճուրդը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամին՝ իր նկարների վաճառքից ստացված գումարի շուրջ 20%-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերելու համար։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նկարիչներին, ովքեր նվիրեցին իրենց արվեստի գործերը և մաս դարձան այս կարևոր և հայրենանվեր նախաձեռնության։

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։

Չնայած աճուրդն ավարտվել է, սակայն նկարները դեռևս հասանելի են հարթակում, և Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուդի կայքում՝ theartfors.com։

Միասին՝ զինվորիս կողքին:

  • Կիսվել: