երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արևածագի դպրոցում բացվեց ռազմամարզական դասարան

Արևածագի դպրոցում բացվեց ռազմամարզական դասարան

Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց ռազմամարզական բացօթյա դասարան:

Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյան բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր:

Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման վարժասարք, որը կծառայի թե՛ լեռնային պատրաստության, թե՛ աշակերտների ֆիզիկական պատրաստության համար: Առկա է նաև հրաձգության բնագիծ՝ նմանեցված իրական զորային հրաձգարանի, տեղադրված են թիրախներ, ժամապահի ծառայության կետ և այլն:

- Նման նախաձեռնությունները մեծ աջակցություն են հայոց բանակին, նաև այն զորամասերին, որտեղ կծառայեն հատուկ պատրաստություն անցած աշակերտները: Լոռու մարզպետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և իրականացրել են այս ծրագիրը,- իր խոսքում ասաց Գոռ Ասրյանը:

Ռազմամարզական բաց դասարան հիմնելու նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Արևածագի դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Զորայր Հարությունյանինն է, ում գաղափարը կյանքի են կոչել դպրոցի աշակերտներն ու անձնակազմը: Դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը խորին շնորհակալություն հայտնեց գաղափարն իրականություն դարձնող բոլոր աջակիցներին:

Արևածագի դպրոցն ունի 126 աշակերտ: Դպրոցականները բաց հրաձգարանում հնարավորություն կստանան անցկացնել ռազմագիտության դասաժամերի գործնական պարապմունքները, ինչը կնպաստի զինվորական պատրաստության ուղղությամբ աշակերտների գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործել կրակային պատրաստության իրենց գիտելիքները:

Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտները հանդես եկան ցուցադրական ելույթով:

  • Կիսվել: