չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ամեն ինչ արվում է, որ 2024-ին մեր բանակն ունենա ձևի և բովանդակության մեջ նոր համազգեստ,վստահ եմ, որ դա հասցնելու ենք․ Պապիկյան

Ամեն ինչ արվում է, որ 2024-ին մեր բանակն ունենա ձևի և բովանդակության մեջ նոր համազգեստ,վստահ եմ, որ դա հասցնելու ենք․ Պապիկյան

Այս պահին 65 տոկոս կատարողականի մասին է խոսքը, և վստահեցնում եմ, որ տարվա ավարտին ընդառաջ պրոցեսները շարունակվում են, և մեծ մասամբ հարցերը կախված են լինում նաև շինարարների կատարողականները ներկայացնելուց: Այդ մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե 9 ամսվա մեջ 2023 թվականի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումն իրականացվել է 55 տոկոսով, ինչը պատգամավորը որակել էր որպես վատ խնայողություն:

«Այս տարի մենք նախաձեռնել ենք հագուստի փոփոխություն, բայց դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա բովանդակային փոփոխություն է նաև, և հաշվի առնելով այդ հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքն արտահայտի, որովհետև, իմ կարծիքով, զինվորականի հագուստը պետք է որակապես լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով: Եվ այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները բոլոր համազգեստների մասին՝ սկսած դաշտային համազգեստից, որովհետև զինվորական հագուստ ասելիս մենք ակամայից դաշտային համազգեստն ենք պատկերացնում որպես զինվորի հիմնական հագուստ, բայց այն ունի բազում բաղադրիչներ»,- ասաց նախարարը:

«Մենք չենք ձախողելու այդ բարեփոխումը: Խոսքը լոկ փոփոխության մասին չէ, որովհետև կարող էինք մենք էլ օգտագործել նախկին փորձը. հայտարարել նոր գույնի մրցույթ և ստանալ տարբեր երանգներով կտորներ, ինչպես որ արվել է  նախկինում. մենք դա չենք ուզում անել, ուզում ենք ստանալ որակ»-հավելեց Սուրեն Պապիկյանը։:

Նա նշեց, որ ամեն ինչ արվում է այն ուղղությամբ, որ 2024 թվականին մեր բանակն ունենա ձևի և բովանդակության մեջ նոր համազգեստ. «Վստահ եմ, որ դա հասցնելու ենք»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: