չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ահաբեկչական հրոսակախմբերն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս. Հովհաննիսյան

Ահաբեկչական հրոսակախմբերն Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս. Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Հյուսիսային ուղղությամբ գրոհելուց հետո հետևակային զորքով փորձել են գրոհել մի քանի ուղղություններով:

Արաքս գետից հյուսիս մի քանի բարձունքների ուղղությամբ ևս գրոհներ են ձեռնարկել: Հայկական կողմն ունի դիրքային բարելավումներ:

Կենտրոնական ուղղությամբ երկու առանձին պրոցեսներ են ընթացել, փորձել են ճակատը ճեղքել, մեր ԶՈւ-ն չի ընկրկել, դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են:

Կարմիր շուկայից դեպի արևմուտք մի քանի գյուղերի ուղղությամբ գիշերը դիվերսիոն ահաբեկչական խմբերի դեմ պայքարը լավ ցուցանիշներ է ապահովել, բայց այս ուղղությամբ մարտերը շարունակվում են:

Այսօր գերեվարվել էր ահաբեկիչ, որը խոստովանեց, թե ովքեր են պատրաստում, միջնորդում, տեղ հասցնում, և մեր տեղեկություններով՝ այս հրոսակախմբերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս:

Պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է, բայց առանձին տեղերում նույն օդուժի, հրետանու կիրառությամբ են տեղի ունենում մարտերը՛՛:

՛՛Ընդհանուր առմանբ Ադրբեջանի կողմից հատկապես Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել՛՛,-ասաց նա՝ պատասխանելով InfoPort.am-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ֆոսֆորային արկեր են կիրառվում Ադրբեջանի կողմից:

Հովհաննիսյանն ասաց, որ դրանց կիրառության մասին նյութերն ուսումնասիրվում են:

 

  • Կիսվել: