հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվորդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում:

Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ  քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել  Հայաստանին:

Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային,  ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին:  Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասաց նա:

Նա հավելեց, որ այդ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն ունեցել է եւ մարդկային, եւ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց տվեց, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում:

  • Կիսվել: