երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանական կողմի դիերը մնում են բաց երկնքի տակ՝ առաջացնելով լուրջ խնդիրներ. Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի դիերը մնում են բաց երկնքի տակ՝ առաջացնելով լուրջ խնդիրներ. Հովհաննիսյան

Այսօր ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի՝ թշնամու կողմից թիրախավորման դեպքին:

՛՛Ժամը 18։00-ի մոտակայքում Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Դավիթ Բեկի ուղղությամբ, տուժել է նաև համայնքը։ Կա մեկ զոհ։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են՛՛,-նշեց նա։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև գերիների փոխանակման հարցին՝ նշելով. ՛՛Գերիների փոխանակման մասով կա ամենօրյա աշխատանք, բայց, ցավոք, այդ աշխատանքը չի կարող հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն որևէ կոմպրոմիսի գնալ։

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են՛՛։

Նա նաև հավելեց, որ 30 դիակների ու մեկ գերու հանձնումը Հայաստանին կատարվել է մարդասիրական նպատակներով հրադադարի երեք փորձերի ընթացքում:

՛՛Դա կատարվել է այս ամբողջ ժամանակահատվածումում երեք փորձերի ընթացքում՛՛,-ասաց Հավհաննիսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ զգոնությունը թուլացնել պետք չէ, պատերազմը շարունակվում է, հակառակորդն էլ ամեն կերպ ու ամեն կողմից փորձում է նոր հարձակումներ իրականացնել փոքր ու մեծ ուժերով, օգտագործելով հրետանի, ավիացիա և ալյն։

՛՛Մենք մեր պաշտպանական խնդիրները շաատ գրագետ լուծում ենք։ Հիմանականում մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ ենք շպրտում։ Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ, որ մեր զորքերը հստակ տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում հակառակորդին, ավելի լավ են հասկանում թշնամու մտահաղացումները, ավելի լավ են գտնում այն հակաթույները, որոնք նա օգտագործում է, որպես բարձր տեխնոլոգիական միջոցներ։ Հաղթելու ենք»,-նշեց ան:

 

 

 

  • Կիսվել: