հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2003-2019 թվականներին բանակում չի ծառայել 82 հազար քաղաքացի, նրանցից դատապարտվել է 0.015 տոկոսը. Հայկ Սարգսյան

2003-2019 թվականներին բանակում չի ծառայել 82 հազար քաղաքացի, նրանցից դատապարտվել է 0.015 տոկոսը. Հայկ Սարգսյան

Այս օրենքի ընդունմամբ մենք կունենանք հավելյալ 500 զորակոչիկ և լրացուցիչ մուտքեր բյուջե: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարելով 15 մլն դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից։:

Նա հայտնեց, որ 2022 թ հայտարարված համաներումից օգտվել է 1360 քաղաքացի, որենք վերադարձել են Հայաստան, ոչ մի դրամ չվճարելով և չծառայելով, ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Սարգսյանը հայտնեց, որ այլևս չի ուզում, որ համաներում հայտարարվի և օրենքի նախագիծ է առաջարկել, որով հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 5  հազար անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից և եթե բոլորը վճարեն սահմանված գումարը, ապա բյուջեն կհամալրվի 50 մլրդ դրամով:

Հարցին, թե օրենքի նախագծով հարուստները կկարողանան ազատվել ծառայությունից, իսկ բանակի ամբողջ ծանրությունը կընկնի անապահովների ընտանիքների զավակների վրա՝ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, իդեալական կլիներ, որ բոլորը գնային ծառայության եւ խուսափողներ չլինեին, բայց ինչպես վիճակագրությունն ու իմ ուսումնասիրություններն են ցույց տալիս՝ մեր քաղաքացիների կեսից ավելին ուղղակի չի ծառայում բանակում: Ես ձեզ վիճակագրական տեղեկություն ներկայացնեմ: 2003-2019 թթ բանակում չի ծառայել  82 հազար քաղաքացի, այս նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատապարտվել է  ընդամենը 143 քաղաքացի, այսինքը՝ չծառայածների 0.015%-ը»:

ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ օրենքով սահմանված է պատիժ չծառայելու համար, բայց փորձը ցույց է տալիս, որ քիչ քաղքացիներն են դրա համար դատապարտվում: Նրա խոսքով՝ ամեն տարի մոտ 10 հազար քաղաքացի գտնվել է հետախուզման մեջ ու չեն ծառայել, տարիներ է եղել, որ դրա համար դատապարտված քաղաքացի էլ չի եղել:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես:

  • Կիսվել: