չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
18-27 տարեկան կանայք կարող են մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծը

18-27 տարեկան կանայք կարող են մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ Նախագծերի փաթեթն այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը այն հաշվարկով, , որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զիվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը», - ասաց Պապիկյանը։

Ինչպես նշեց ՊՆ ղեկավարը, մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում կանայք ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակաչին (ամառային կամ ձմեռային զորակոչերին), իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչին հաջորդող զորակոչի ժամանակ։

Նա նաև հավելեց, որ մինչև զորակոչի օրը դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեն գրավոր դիմումի համաձայն հրաժարվել ծառայությունից։ Բացի այդ, զինվորական հաշվառումը դադարեցվում է նաև առողջական վիճակից կամ օրենքով սահմանված ընտանեկան պատճառներից ելնելով զորակոչին ոչ ենթակա լինելու պարագայում։

Փաթեթը սահմանում է վեցամսյա պարդադիր զինծառայություն, որը կազմակերպվելու է բացառապես ուսումնական զորամասերում, և որի ավարտից հետո քաղաքացիները կստանան 1 մլն դրամ պատվովճար։ Վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը կսահմանվի ըստ փաստացի ծառայած ամիսների։

«Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության», - հավելեց Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: