ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանում գանձագողերը պատահաբար 2700-ամյա ուրարտական տաճար են գտել

Վանում գանձագողերը պատահաբար 2700-ամյա ուրարտական տաճար են գտել

Վանում ապօրինի կերպով գանձ որոնող անձինք պատահաբար 2700-ամյա ուրարտական տաճար են գտել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Independent»-ի թուրքերեն ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վանի կենտրոնից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքում մի խումբ գանձագողեր 5 մ խորությամբ փոս փորելուց հետո հայտնաբերել են որմնանկարներ ունեցող մի կառույց։ Գանձ որոնողները կարծել են, թե այդ շինությունը եկեղեցի է և դիմել Վանի թանգարանային տնօրինությանը։

Թուրք ուրարտագետ, դոկտոր Էրքան Քոնյարը «Independent Türkçe»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հիմնվելով կառույցը ներկայացնող տեսագրության տվյալների վրա՝ կարելի է ենթադրել, թե խոսքը գնում է մ․թ․ա․ 7-րդ դարին պատկանող մի ուրարտական տաճարի մասին, և քանի որ տվյալ շրջանի մոտակայքում գտնվում է նաև ուրարտական արքա Ռուսա Երկրորդի ամրոցներից մեկը, ապա ամենայն հավանականությամբ նորագյուտ տաճարը կարող է կապ ունենալ վերջինիս հետ։

Թուրք գիտնականը նաև ենթադրություն է արել, ըստ որի՝ սույն տաճարը պետք է որ նվիրված լինի ուրարտական աստվածներից Խալդիին, և որ առաջին անգամ է հանդիպում այնպիսի ուրարտական տաճար, որը պահպանվել է իր բնօրինակով, և որի կառուցվածքը չի խաթարվել։ Էրքան Քոնյարը նաև մատնանշել է, թե այս մեծ տաճարի որմնանկարները դեռ բավականին լավ են պահպանված, և որ դրանք կրոնական բովանդակություն ունեն։

  • Կիսվել: