հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տավուշի և Լոռու մարզերի սահմանամերձ գյուղերի 60-ից ավելի երեխաներ մասնակցել են Գրքի ճամբարին

Տավուշի և Լոռու մարզերի սահմանամերձ գյուղերի 60-ից ավելի երեխաներ մասնակցել են Գրքի ճամբարին

Հուլիսի 29-ին և 30-ին Տավուշի և Լոռու մարզերի 60-ից ավելի երեխաներ մասնակցել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված «Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագրին:

Ծրագիրն իրականացվում է IBBY Արմենիա մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ IBBY Yamada հիմնադրամի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ: Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցի սաները, Աչաջուր համայնքի գրադարանի ընթերցողները և Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Նեղոց գյուղի հիմնական դպրոցի սաները ծրագրի շրջանակներում շրջայց են կատարել գրադարանում, հանդիպել երիտասարդ գրող-նկարազարդողներ Լիլիթ Ալթունյանի և Աննա Ասլանյանի հետ, որը նաև սեղանի ինտելեկտուալ, զարգացնող խաղերի հեղինակ է, մասնակցել են գրքի ընթերցումների և քննարկումերի, նկարազարդել հեքիաթների հերոսների, դիտել մուլտֆիլմեր:

Ա. Ասլանյանը հանդիպման ավարտին իր հեղինակած խաղերից նվիրել է ճամբարի մասնակից երեխաներին: Պառավաքարից ժամանած երեխաներն այցելել են նաև «Անտարես» հրատարակչության տպարան՝ ծանոթանալու գրքի ստեղծման ողջ գործընթացին:

Շրջայցի ավարտին հրատարակչությունը դպրոցի գրադարանի համալրման նպատակով գրքեր է նվիրել երեխաներին: Աչաջրի և Նեղոցի երեխաները ծրագրի շրջանակներում այցելել են Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Անխելք մարդը» ներկայացումը։

«Գրքի ճամբար մարզերի երեխաների համար» ծրագիրը նպատակ ունի նպաստելու մանկապատանեկան ընթերցանության մշակույթի համաչափ զարգացմանը ՀՀ ողջ տարածքում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում:

  • Կիսվել: