շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թանգարանները միայն մշակույթի և պատմության դրվագների պահոց չեն, այլ՝ կրթական միջավայր․ Անդրեասյան

Թանգարանները միայն մշակույթի և պատմության դրվագների պահոց չեն, այլ՝ կրթական միջավայր․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարաների միջազգային օրվա առթիվ․«Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և հետազոտական միջավայր, որը պետք է զարգացնել և խթանել։ 

Թանգարաններում սովորելը և հետազոտելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը, որովհետև դժվար է գտնել կրթության համար ավելի հագեցած ու բովանդակային միջավայր, քան թանգարանն է։ Հայաստանում թանգարանային ոլորտը հենց այս պահանջներին համահունչ զարգացնելը, թանգարանների միջազգայնացմանը և համագործակցությանը նպաստելը ամենակարևոր առաջնահերթություններից են։ 

Արդեն իսկ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել, և տարվա ընթացքում առիթ ենք ունենալու մեր տարբեր թանգարաններում ականատես լինելու միջազգային համագործակցությամբ հեղինակավոր թանգարանների հետ համատեղ  ծրագրերին, ժամանակակից տարբեր գործիքների միջոցով իրականացվող նոր նախաձեռնություններին։

Թանգարանների միջազգային օրն այս տարի նշում ենք նոր ձեռքբերումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների գործունեությունն ու հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները։

Կարևոր է նաև, որ այս տարվանից պետությունը վերականգնել է տարիներ շարունակ չգործած՝ թանգարանային հավաքածուների համալրման ծրագիրը, որով մեր թանգարանները պետական բյուջեի միջոցներով հավաքածուները նորացնելու հնարավորություն են ստացել։ Ակտիվորեն ընթանում են նաև թանգարանների վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ միայն նախորդ տարի նոր ցուցադրություններով վերաբացվեցին թանգարաններ Երևանում և մարզերում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ՝ Գևորգ Գրիգորյանի( Ջոտտոյի)  արվեստանոց- թանգարանը,   Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանը)։ 

Տարին նաև ակտիվ է հոբելյանական միջոցառումներով. լրանում են Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հետևաբար, մի շարք թանգարաններում այցելուները տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու նաև անվանի մտավորականների ստեղծագործական ժառանգությանը: 

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի շուրջ 118 թանգարաններ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9 թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար այցելուների կողմից ավելի է մեծանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունը: 

Թանգարանների միջազգային օրը հրաշալի առիթ է նաև գնահատանքի խոսքեր ասելու թանգարանային ոլորտի աշխատակիցներին, որոնց համար սա մասնագիտական տոն է: Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Մաղթում եմ ստեղծագործական բեղուն գործունեություն, անսպառ եռանդ և մասնագիտական նոր ձեռքբերումներ, իսկ թանգարան այցելել պատրաստվող քաղաքացիներին՝ թանգարանային միջավայրի շնորհիվ նորանոր բացահայտումներով հագեցած հրաշալի օր»։ 

  • Կիսվել: