կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 49,010.0 հազար դրամի չափով՝ թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Համակարգը նախատեսվում է թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Այն բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից:

Առաջինը՝ տոմսերի վաճառքի համակարգ, որը ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն: Երկրորդ՝ մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգ, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման ու կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգը ենթադրում է հայալեզու կայք:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարման միասնական քաղաքականություն, որը կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է Հրազդանի երկրագիտական թանգարանը Հայաստանի պատմության թանգարանին միացման ձևով վերակազմակերպել, ստեղծել Կոտայքի երկրագիտական թանգարան մասնաճյուղ: Հիմնավորման համաձայն՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում առկա է 2202 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 7 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։

Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ։ Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն, ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Անվանափոխությունը հնարավորություն կտա նաև ՀՀ Կոտայքի մարզի այլ համայնքներից պեղված իրերը ցուցադրել, ինչպես նաև զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

  • Կիսվել: