Անվտանգության նպատակներով ՀՀ երեք մարզերի մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցման. փոխնախարար
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտի կրթական իրավունքը: Հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նշված մարզերի որոշ բնակավայրերում եղավ անվտանգային այնպիսի իրավիճակ, որ երեխաները զրկվեցին կրթության իրավունքից, կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Խոսքը թե դպրոցական, թե նախադպրոցական հաստատությունների մասին է:
«Նշված երեք մարզում նախադպրոցական հաստատություն հաճախող ավելի քան 6 հազար երեխա ևս զրկվել է կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորությունից: Նախորդ ամբողջ շաբաթն այս բնակավայրերում արձակուրդ է եղել: Այսինքն՝ չեն գործել ուսումնական հաստատությունները: Հետագայում բաց թողնված դասերը կլրացվեն: Կապի մեջ լինելով մարզային մեր գործընկերների հետ՝ ասեմ, որ ունենք որոշում և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Այն դպրոցներում, որտեղ կա անվտանգության ապահովման տեսանկյունից հնարավորություն, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով: Մյուս բնակավայրերում գործընթացը կկազմակերպվի հեռավար:
Գեղարքունիքում հեռավար կրթությունը կվերսկսվի 12 դպրոցում, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանում են, Վայոց ձորում՝ 3 դպրոցում, Սյունիքի մարզում՝ 112 դպրոցում: Այստեղ միայն 5 դպրոցում առկա ուսուցումը կվերականգնվի: Նախարարի տեղակալը նշեց, որ իրավիճակի զարգացումն հաշվի առնելով՝ յուրաքանչյուր օր նոր որոշումներ կկայացվեն:
«Դպրոցները կուտակել են հեռավար ուսուցման մեծ փորձառություն, ցավոք ոչ միայն համավարակի պայմաններում: 2020 թվականի աշնանը պատերազմի ժամանակ առաջին օրերից սահմանամերձ համայնքներում անցում էինք կատարել հեռավար ուսուցման, ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներ: Կարծում ենք, որ դպրոցների՝ հեռավար կրթություն կազմակերպելու կարողությունները բավարար են»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել է երկու ուսումնական հաստատություն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ շատ արագ կկարգավորվեն վերականգնման աշխատանքները: Ուսումնական հաստատությունները թիրախավորելը, ըստ Ժաննա Անդրեասյանի մտահոգիչ է: Դա բոլոր միջազգային իրավունքների տեսանկյունից խախտում է: