չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը

Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ կապերի զարգացումը: Այս համատեքստում շեշտվել է, որ Երևանն ու Լայպցիգը հանդիսանում են քույր քաղաքներ, ինչը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես, կարևորվել է Երևանի և Լայպցիգի բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրկրթական դպրոցների միջև ուղիղ կապերի ստեղծումը: Քննարկվել են փոխանակման ծրագրերի իրականացման և համատեղ միջազգային կրթական ծրագրերի դիմելու հնարավորությունները:

 

Հանդիպմանը քննարկվել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երևանյան միջազգային ցուցահանդեսին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները: Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը քննարկել են համատեղ համերգների անցկացման, երիտասարդ կատարողների համար համապատասխան հարթակների ձևավորման և այլ հարցեր: 

 

Քննարկվել է նաև հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի՝ Լայպցիգում ուսանելու տարիներին զբաղեցրած բնակարանի բակում հուշատախտակ տեղադրելու հնարավորությունը:

 

ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լայբնից գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ (GWZO), փոխտնօրեն Յուլիա Հերցբերգի ուղեկցությամբ շրջել ինստիտուտում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ենթակառուցվածքներին: Կողմերը քննարկել են համատեղ կրթաթոշակային ծրագիր ունենալու հնարավորությունը՝ հայագիտական հետազոտությունների ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել գերմանացի և հայ հետազոտողների՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ արտերկրի գիտնականների համար նախատեսված ծրագրերին համատեղ մասնակցության հնարավորությունը: 

 

Լայպցիգում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև փոխքաղաքապետ, Երիտասարդության, դպրոցների և ժողովրդավարության բաժանմունքի ղեկավար Վիկի Ֆելթհաուսի հետ: Քննարկվել են երիտասարդների փոխանակման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի և Լայպցիգի երիտասարդական կազմակերպություններից մեկի միջև համագործակցության հնարավորությունները՝ փոխադարձ այցերի և այլ ծրագրերի իրականացման տեսանկյունից: 

 

Գերմանական կողմը նաև հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ հայաստանյան փորձով, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնների գործունեությամբ, ինչպես նաև դպրոցներում Շախմատ առարկայի դասավանդմամբ: 

 

Երիտասարդական քաղաքականության ուղղությամբ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև ԵԽ որակի հավաստագիր ունեցող երիտասարդական կենտրոնների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ-ում բացվող երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է եվրոպական երիտասարդական կենտրոնների ցանցի հետ համագործակցությունն ու կապերի սերտացումը, որը նաև կնպաստի կարողությունների բարելավմանը: 

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսություն, հանդիպել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Միխաել Կրեչմերիի հետ:

  • Կիսվել: