հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկվել է Արցախի տարածքում վտանգված հուշարձանների, թանգարանների, նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Քննարկվել է Արցախի տարածքում վտանգված հուշարձանների, թանգարանների, նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիական կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, նախագահի աշխատակազմի խորհրդական Մաթյո Ֆուրնիեն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջմշակութային համագործակցության, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման, նոր գաղափարների իրագործման վերաբերյալ հարցեր:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության հարցը մշտապես ուշադրության ներքո պահելու համար՝ կարևորելով խնդրի հետ կապված Ֆրանսիայի ակտիվ աջակցությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International Alliance for the Protection of Heritage in Conflict Areas) շրջանակում:

«Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայկական ժառանգության փաստագրման նպատակով փորձագիտական առաքելության իրականացումը կարևոր գործոն կարող էր հանդիսանալ։ Ֆրանսիայի գործուն միջամտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կարող է նպաստավոր դերակատարություն ունենալ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

«Ֆրանսիական կողմը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում»,- ընդգծել է ՖՀ մշակույթի նախարարը:

Քննարկվել են նաև կինոյի, թատերական արվեստի, մշակութային ժառանգության վերականգնման և պահպանման, ժամանակակից արվեստի ոլորտներում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպումը տեղի է ունեցել Մատենադարանի Արխիվի սրահում, որտեղ ժամանակավոր ցուցադրվում են Ղուկաս Չուբարյանի՝ տարբեր տարիներին քանդակած գործերը:

 

  • Կիսվել: