երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Ժաննա Անդրեասյան

Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Ժաննա Անդրեասյան

Նախորդ տարի մենք հուշարձանների պահպանության նպատակով բյուջեից կրկնակի ավելի գումարներ ենք ծախսել՝ ավելի քան 800 միլիոն դրամ, իսկ 2018-ի համեմատ բյուջեն ավելացել է 8 անգամ, այսինքն՝ 2018-ին մենք ունեինք 116 միլիոն դրամի չափով հատկացում՝ ամբողջ հուշարձանների պահպանության ոլորտին, իսկ այս տարի մեր հատկացումը 1 միլիարդ 800 միլիոն դրամի շրջանակներում է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ դրա շնորհիվ իրենք կարողանում են այնպիսի հուշարձաններում աշխատանք տանել, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: ԿԳՄՍՆ-ի աշխատանքների մի ուղղությունն այն է, որպեսզի կարողանան ամրակայել դրանք, մեկ այլ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների ստեղծումը:

«Եթե առիթ ունենաք, օրինակ, Լոռի բերդ այցելել, այդտեղ արդեն ավարտել ենք տեղեկատվական-մոդուլային կենտրոնի տեղադրումը, որը սրճարան-տոմսի վաճառք-սանհանգույցներով արդիական միջավայր է, որը քաղաքատիպ ծառայության հնարավորություն է տալիս այցելուներին: Առաջիկայում Զորաց քարերում, Բջնիում կտեղադրենք: Մեր նպատակն է ամրակայել, ունենալ ենթակառուցվածք, քայլուղիներ ենք նաև կառուցում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է աշխատանք տանել զբոսաշրջության ոլորտի հետ, որպեսզի լինեն զբոսաշրջային երթուղիներ, որպեսզի քաղաքացիներն այցելեն և տեսնեն այդ վայրերը:

Անդրեասյանի խոսքով՝ դա մեկանգամյա միջոցառում չէ, այդ ուղղությամբ աշխատանքը պետք է լինի շարունակական:  

«Գիտեք, հաճախ կա տպավորություն, որ մենք մեր երկիրը ընդհանրապես չենք ճանաչում: Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում: Երևի 10-20 հուշարձանի մասին է, որ գիտենք, և մնացած կարևոր վայրերը հենց մեզ համար անճանաչելի են»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հիմա նաև կրթական ոլորտում հուշարձանների հետ աշխատանքն են էապես զարգացնում:

  • Կիսվել: