հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն

Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն

Ֆրանկոֆոն խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկու կարծիքով՝ Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն խաղերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:

«Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական գործում: Խաղերի պաշտոնական տարբերանշանի ներկայացումը կարևոր հանգրվան է և այն նշանավորում է խաղերի նախապատրաստական նոր փուլը:  Այս պահին բազմաթիվ պետություններ ու կառավարություններ արդեն իսկ հաստատել են Խաղերին մասնակցությունը, ինչը վկայում է վստահության մասին առ այն, որը Հայաստանը կարող է հյուրընկալել այս կարևոր մարզական իրադարձությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար Խաղերն ունեն առանձնակի նշանակություն, ավելին են, քան պարզապես մարզական ու մշակութային իրադարձությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյուբջանսկին:

Ըստ նրա` փոխադարձ վստահության մթնոլորտում շարունակում են նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ոչ մի խոչընդոտ  առկա չէ:   

«Վստահեցնում եմ` մենք կանգնած ենք Հայաստանի կողքին` նպաստելու այս խաղերի հաջող անցկացմանը: Ֆրանկոֆոն խաղերը համերաշխության հարթակ են ֆրանկոֆոն երիտասարդության համար, և ակնկալում եմ, որ բոլոր մասնակից պետությունները բացահայտեն Հայաստանն այս լույսի ներքո»,առանձնացրեց նա:

2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:

Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

 

  • Կիսվել: