հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը

Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը:

Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի ոլորտներում կիրականացվեն վարպետության դասեր, աշխատարաններ, կկազմակերպվեն կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ՝ Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրը կանցկացվի Երևանում, Գորիսում, Վանաձորում և կդառնա մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։

ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստի մասնագիտական հարթակ արտերկրի արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը: Մասնագետներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն հայ պատանիներին և երիտասարդներին, կհանդիպեն և փորձի փոխանակում կունենան Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։

Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար՝ ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:

Միջազգային արվեստագետներն են՝ պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձե (Վրաստան), նկարազարդող, տիկնիկագործ Շադի Վեդայի (Իրան), նկարիչ Հերվե Ալեքսանդր (Ֆրանսիա), խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչի (Իտալիա), դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգ (Շվեյցարիա):

«ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 31-ին:

  • Կիսվել: