ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Մարդակերների» հայկական գյուղը Վանում

«Մարդակերների» հայկական գյուղը Վանում

Վանի Շատախ (թուրք․ ներկայիս անվանումը՝ Չաթաք) գավառին ենթակա Բահչըվան հատվածը տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես «Մարդակերների գյուղ» (քրդերեն՝ Gundê Mirovxwaran)։ Բնակչության շրջանում տարածված կարծիքի համաձայն՝ մի քանի դար առաջ այս գյուղում մարդակերներ են ապրել, որոնք, սակայն, փախել են այստեղից հարս եկած մի կնոջ պատճառով, որը բացահայտել է նրանց։ Որոշ բնակիչներ էլ պատմում են, թե մարդակերները սպանվել են շրջանի բնակիչների կողմից։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Սերբեսթիյեթ» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Վան քաղաքից 81 կմ, իսկ Շատախ գավառի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող այս գյուղում, որը ժամանակին հայկական բնակավայր է եղել, արդեն երկար ժամանակ է՝ ոչ ոք չի ապրում։ Բացառություն են կազմում տարիներ առաջ գյուղում բնակություն հաստատած Սալիհ Բայարն ու իր ընտանիքը։ Սալիհի եղբայրը՝ Մեհմեդ Բայարը, ևս ամառային ամիսներին քիչ ժամանակով գյուղ է այցելում։

63-ամյա Սալիհը պատմում է, որ իրենք այդ գյուղում հաստատվել են դեռ իր պապի ժամանակ։ Անդրադառնալով մարդակերների մասին խոսակցություններին՝ նա նշում է․ «Հնուց եկած պատմություններ կան։ Չգիտենք, թե կոնկրետ երբ են այդ դեպքերը կատարվել։ Ասում են, թե մինչ օրս կանգուն աղբյուրի մոտակայքում 10-15 տներ են եղել։ Այդ գյուղում հայեր են ապրել։ Երբ նրանք գնում են (Հայոց ցեղասպանության հետևանքով աքսորվում կամ սպանվում են-Ակունքի խմբ․), իմ պապերն են այստեղ բնակություն հաստատում։ Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների՝ այդ դեպքերը տեղի են ունեցել իմ պապերից 200-250 տարի առաջ։ Մինչ օրս այդ ժամանակներից պահպանված աղբյուր և այլ շինություններ կան։ Մինչև իսկ գետնի տակ ընդարձակ պատուհանով մի տուն է գտնվել։ Գանձագողերն էլ դրա համար հաճախ են գալիս այստեղ»։

Գյուղի գրեթե միակ բնակիչը նաև հավելել է․ «Երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չի լինում մարդակերի գոյության մասին։ Մի օր մոտակա գյուղերից մեկից հարս են բերում այդ գյուղ։ Նորահարսը երեխա է ունենում։ Ավանդույթի համաձայն՝ հարսը երկար տարիներ չի կարողանում խառնվել խոհանոցային գործերին։ Մի անգամ նա մտնում է խոհանոց և տեսնում, որ ուտեստները պատրաստվել են մարդու մարմնի մասերից։ Հարսը որոշում է իր երեխայի հետ միասին փախնել և փախչում է։ Երեխայի անունը Հեբլո է լինում։ Երբ հարսը մանկան հետ փորձում է գետակի միջով դիմացի ափ դուրս գալ, նրանց բռնած մարդակերներն ասում են երեխային․ «Հեբլո՜, Հեբլո՜, եթե մեր կողմից ես, մորդ կծի՛ր և արի՛»։ Դա ասողն էլ սկեսուրն է լինում, ով նաև մարդակերների մայրն էր։ Երեխան իր՝ նրանց կողմից լինելն ապացուցելու համար կծում է մոր ուսերը, որից հետո հարսը մանկանը ջուրն է գցել ու փախել»։

Ուշագրավ է, որ այդ թեմայով թուրքերը մինչև իսկ գիտական ուսումնասիրություն են իրականացրել․ այսպես՝ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի դասախոսներից դոկտոր Իրֆան Փոլաթը «Մարդակերության պատմությունը և մարդ ուտող հանրությունը Վանում՝ Միրովհարները» վերնագրով գիտական ուսումնասիրություն է կատարել։ Նա, մասնավորապես, ուսումնասիրել է ժողովրդի շրջանում տարածված այդ ավանդազրույցը։ Իրֆան Փոլաթը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ զրույցը գիտականորեն չի ապացուցվել։

Մեր կարծիքով՝ այս զրույցը թերևս կապված է այն հարատև ահի հետ, որ ամեն դեպքում զգում են Հայոց ցեղասպանությունից հետո հայկական բնակավայրերում ապօրինաբար բնակություն հաստատած, հայերի տները բռնի կերպով խլած քրդերն ու թուրքերը։ Առաջին դեպքը չէ, երբ հայոց հայրենի հողում, հայերի տներում բնակվող՝ Հայոց ցեղասպանության իրագործողների թոռներն ու ծոռները գիտակցում են, որ այդ տարածքների իրական տերերը հայերն են, և շատ դեպքերում «հարամ» են համարում այնտեղ բնակվելը։

Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք էր գրանցվել դարձյալ Վանում․ ինչպես նախկինում հայտնել էր Akunq.net-ը, Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) գավառի Ուզունգեդիք թաղամասում անհասկանալի պատճառներով տներ են այրվում։ Անհայտ ծագմամբ հրդեհների գաղտնիքը ոչ մի կերպ չի բացահայտվում և խիստ անհանգստացնում է տեղի բնակիչներին։ Արտակարգ իրավիճակների մասնագետները մանրամասնորեն ստուգումներ են իրականացրել, բայց ոչ մի կերպ չեն գտել այդ անհասկանալի հրդեհների պատճառը․․․

  • Կիսվել: