Կինոգործիչները բաց նամակով դիմել են Ժաննա Անդրեասյանին
Ապրիլի 30-ին Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է Հայաստանի կինոգործիչների միության անդամների, Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, ոլորտային ասոցիացիաների, կինոոլորտի ամենատարբեր կառույցների և ներկայացուցիչների, կինոարտադրողների հանդիպում, որին մասնակցել են ավելի քան 50 կինոգործիչներ։ Միությունից հայտնում են, որ քննարկվել են մասնավորապես օրերս հրապարակված Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման եվ անցկացման կանոնակարգ փաստաթղթի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր։
«Հստակ նշվեց, որ օրերս Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հրապարակված փաստաթուղթը մի շարք լուրջ մտահոգություններ է առաջացրել կինոգործիչների մոտ և հստակ արձանագրվեց, որ կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող և պետք է ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ»,- նշում են միությունից։
Քննարկման արդյունքում, որը վարել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, բոլոր մասնակիցների համաձայնությամբ կազմվել է բաց նամակ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Փաստաթուղթը ստորագրվել է թե պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, թե տարբեր ոլորտային ասոցիացիաների, թե կառույցների կողմից, թե անհատապես։ Փաստաթուղթը բաց է ստորագրության համար և բոլորը կարող են միանալ բաց նամակին։
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«Հարգելի՛ տիկին նախարար,
Դիմում ենք Ձեզ կինոյի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթի անցկացման կանոնակարգին առնչվող հարցերի կապակցությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում կինոգործիչների կողմից նախորդիվ արված առաջարկները Հայաստանի կինոյի հիմնադրամին վերահասցեագրելու համար։
Միևնույն ժամանակ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ առանցքային հանգամանքների վրա․
1․ Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որևէ այլ փաստաթղթում տեղեկություն չի հրապարակվել հիմնադրամի և արտադրողի միջև ստորագրվող պայմանագրի վերաբերյալ։
Մրցույթը ենթադրում է ապագա հարաբերություններ, և կինոարտադրողներն իրավունք ունեն մրցույթին մասնակցելուց առաջ իմանալ, թե նախագծերի հաստատման արդյունքում ինչ պայմանագիր է ստորագրվելու իրենց և հիմնադրամի միջև։
Խնդրում ենք մինչև մրցույթի վերջնաժամկետը հաստատել, որ կինոարտադրողների հետ կնքվող պայմանագիրը չի հակասելու ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին (մասնավորապես՝ 3. 9. 10 հոդվածներին), որի համաձայն՝ կինոյի պետական ֆինանսավորումը հանդիսանում է կինոարտադրողին տրվող անհատույց աջակցություն։
- Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որևէ այլ փաստաթղթում, չկա տեղեկություն կինոյի ոլորտների միջև բյուջեի բաշխման մասին, ինչը դարձյալ հակասում է ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին, մասնավորապես՝ հոդված 22-ին։
Նախորդին ներակայացված առաջարկում կինոգործիչների համայնքը երկարատև քննարկումների արդյունքում հանգել էր կոնսեսուսի, այն է՝ խաղարկային կինո՝ 40 տոկոս, վավերագրական կինո՝ 30 տոկոս, անիմացիոն կինո՝ 30 տոկոս։
Բաշխման հետևյալ տրամաբանությունը կապահովի ոլորտների համաչափ զարգացումը։
- Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի կողմից ընդունվել է կանոնակարգ, որը չի քննարկվել առաջարկներ ուղարկած կինոգործիչների հետ և ըստ այդ կանոնակարգի՝ արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։
Չի եղել որևէ հայտարարություն կամ պատասխան նամակ, թե ինչ հիմքով են որոշ դրույթներ ընդունվել, իսկ մյուսները՝ ոչ, այնինչ բոլոր առաջարկներն ունեցել են հիմնավորումներ, որոնք արտահայտել են առաջարկ ներկայացրած կինոգործիչների միասնական դիրքորոշումը։
Այդպիսով, ընդունված կանոնակարգում կան մտահոգիչ դրույթներ, որոնք հակասում են ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին և պետք է ուղղում հրապարակվի մինչև հայտարարված մրցույթի վերջնաժամկետը, այդ թվում ՝
Գլուխ 2, կետ 7, 8։
Գլուխ 3, կետ 30։
Գլուխ 4, կետ 40 («ֆինանսական միջոցների առկայության դեպքում» ձևակերպումը չի կարող տեղ գտնել կանոնակարգում)։
Գլուխ 5, կետ 63, կետ 65։
Հաստատված կանոնակարգում կան նաև կետեր, որոնք չեն արտահայտում կինոգործիչների լավագույն շահը, որը հիմնավորված էր նախորդիվ ներկայացված առաջարկների փաթեթներում։
Բերենք մի քանի ցայտուն օրինակ՝
Գլուխ 2 կետ 5։ Գլուխ 3 կետ 17։
Գլուխ 4 կետ 19-ից պետք է հանել հետարարտադրություն բառը, քանի որ եթե նկարահանումներ սկսած խաղարկային և անիմացիոն նախագծերը իրավունք չպետք է ունենան մասնակցելու արտադրության համար նախատեսված մրցույթին, ապա պետք է ունենան իրավունք մասնակցելու հետարատադրության համար նախատեսված մրցույթին, եթե այդ փուլի համար արդեն իսկ չեն արժանացել ֆինանսավորման։ Գլուխ 3, կետ 35։
Գլուխ 3, կետ 39։
Գլուխ 4, կետ 42։
Գլուխ 5, կետ 59։
Հավելված 3-ում ուսանողներին տրվող ֆինանսական աջակցության հնարավորության մեխանիզմները պարզ չեն և կինոարտադրության բյուջեի մաս չեն կարող կազմել, հատկապես, որ առկա է դեբյուտային ֆիլմերին տրվող առավելություն։
Գլուխ 5, կետ 68-ում պետք է կատարվի հետևյալ փոփոխությունը՝ «․․․ պայմանագիր կնքելու դեպքում» ձևակերպումը պետք է փոխվի «․․․պայմանագիր կնքելուց հետո» ձևակերպմամբ։
Հարգարժա՛ն տիկին նախարար, խնդրում ենք մեզ հավաստիացնել, որ Կանոնակարգի՝ ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքին հակասող կետերի վերաբերյալ կարվի ուղղում մինչև հայտարարաված մրցույթի վերջնաժամկետը և պաշտոնապես կհայտարարվի, որ ընդունված կանոնակարգն անցումային է, և մինչև հաջորդ մրցույթի հայտարարումը կվերանայվեն նաև կինոգործիչների լավագույն շահը չներկայացնող վերոնշյալ կետերը, որոնք վերոնշված Առաջին և Երկրորդ հանգամանքների հետ միասին կխոչընդոտեն հայկական կինոյի զարգացմանը։
Սիրով հայտնում ենք մեր պատրաստակամությունը կատարվելիք աշխատանքներում ներգրավվելու և հայկական կինոյի զարգացմանը միտված գործընթացներում մասնակից լինելու վերաբերյալ»։