կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Աբովյան քաղաքի արվեստի դպրոցներ և թատրոն

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Աբովյան քաղաքի արվեստի դպրոցներ և թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն  աշխատանքային այցով  ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը,  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ:

Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ  նախարարի տեղակալը տնօրեն Մարինե Կիրակոսյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին, քննարկել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն ուղղված մի շարք հարցեր: Նախարարի տեղակալը դասարաններում ներկա է եղել ուսումնական գործընթացին, ունկնդրել սաների կատարումները տարբեր գործիքներով, հնարավոր խնդիրների վեր հանման նպատակով զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Դանիել Դանիելյանը հանգամանորեն հետաքրքրվել է գեղարվեստական կրթություն իրականացնող հաստատություններում Արցախից բռնի տեղահանված երեխաների ընդգրկվածությամբ: Տնօրենի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցում առաջին իսկ օրերից կատարվել են արցախցի երեխաների գրանցումներ, որոնք սիրով հաճախում են դասերի:  Տնօրենը տեղեկացրել է նաև, որ ժողովրդական նվագարանների բաժնի ուսուցիչների կարիք կա դպրոցում, և այդ բաժինը զարգացնելու նպատակով անհրաժեշտ են մասնագետներ:

Դանիել Դանիելյանն արձագանքել է, որ կուսումնասիրվen ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին:  Նախարարը երաժշտական դպրոցի աշակերտների համար հանդես է եկել Արամ Խաչատրյանի մեծությունը կարևորող կարճ դասախոսությամբ և հրավիրել մայրաքաղաքի երաժշտական հաստատություններից մեկում միասին ունկնդրելու համերգային ծրագիր:

Դանիել Դանիելյանն այցելել է նաև Աբովյանի գեղարվեստի դպրոց, որտեղ նրան ուղեկցել է տնօրեն Արմինե Եղիազարյանը: Գեղարվեստի դպրոցում ևս նախարարի տեղակալը շրջել է կրթօջախում, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հետաքրքրվել գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության, մեթոդական և ուսումնական գործընթացներով: Նա շրջել է նկարչության, քանդակի, խեցեգործության դասարաններում, ներկա եղել ուսումնական պրոցեսին, դիտել երեխաների ստեղծագործական աշխատանքները, զրուցել նրանց և ուսուցիչների հետ: Գեղարվեստի դպրոցում արվեստի պատմության դասաժամին երեխաները ծանոթանում էին Այվազովսկու կյանքին և ստեղծագործություններին. որպես դասաժամի շարունակություն՝ Դանիել Դանիելյանն առաջարկել է ուսուցչին երեխաների հետ այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և միասին դիտել  աշխարհահռչակ հայ ծովանկարչի ստեղծագործությունները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի և  Աբովյանի համայնքի գործընկերների հետ Դանիել Դանիելյանը քննարկել է մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և առավել նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանի՝ Աբովյան կատարած այցը համընկել էր Գեղարվեստի դպրոցի նախկին տարիների սաների քանդակագործության և նկարչական  աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:   Հայ և ռուս ժողովրդների բարեկամության թանգարանում նախարարի տեղակալը ներկա է եղել «Աշնանային սալոն» ցուցադրության բացման արարողությանը, շնորհավորել մասնակիցներին բովանդակային ցուցադրության կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Շրջայցի վերջին կանգառը Աբովյանի դրամատիկական թատրոնն էր, որտեղ Դանիել Դանիելյանը դիտել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացված  «Գանձերի կղզի» ներկայացումը: Ավարտին նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի դերասանական կազմի հետ: Այնուհետև թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում թատերական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր:

  • Կիսվել: