ՀՊՏՀ ռեկտորը նահանջեց և բավարարեց Գյումրու մասնաճյուղի պահանջը. Կարեն Պետրոսյանը նշանակվել է տնօրենի ԺՊ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 16–ին, բավարարել է Համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, ով մինչ այդ էլ զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բոյկոտ են հայտարարում և դադարեցնում են աշխատանքը՝ պահանջելով Կարեն Պետրոսյանին նշանակել տնօրենի ԺՊ մինչև տնօրենի ընտրությունները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։
Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԲՈՅԿՈՏ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:
Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․
Հանդիպում ՀՀ Վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։
Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը»։
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը 2018–ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման առաջամարտիկներից էր։




