երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է գրադարանավարներին և մշակութային հաստատությունների աշխատակիցներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է գրադարանավարներին և մշակութային հաստատությունների աշխատակիցներին

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Հոկտեմբերի 9-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տոնի առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար պետական և համայնքային գրադարանների ավելի քան 40 նվիրյալ պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Շնորհակալագրերը և պատվոգրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

Շնորհավորելով գրադարանավարներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է գրադարանավարների աշխատանքի կարևորությունն ու դերը սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում: «Ուղիղ կապ կա գրադարանավարների և հասարակության զարգացման միջև: Դուք ամեն օր բախվում եք մարտահրավերների, բայց հաղթահարելով դրանք՝ պատվով կրում եք գիտելիք փոխանցող փարոսի դերը»,- նշել է նա:

ԿԳՄՍՆ շնորհակալագրերի ու պատվոգրերի արժանացած աշխատակիցները ներկայացնում էին ՀՀ Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արարատի, Սյունիքի և Լոռու մարզերն ու մայրաքաղաք Երևանը: Մայրաքաղաքից պարգևներ են ստացել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Համո Սահյանի անվան գրադարանի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի աշխատակիցները:

Մշակութային հաստատություններից շնորհակալագրեր և պատվոգրեր են ստացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ – Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի ներկայացուցիչները:

  • Կիսվել: