Հայտնի են «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները
«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների, ոլորտի ներկայացուցիչների։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մրցանակներ հանձնեց 17 անվանակարգում ներկայացված արտիստների և նախագծերի։
«Լավագույն երգիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Էրիկ Կարապետյանին:
«Լավագույն երգչուհի» ճանաչվեց Սոնա Ռուբենյանը:
«Լավագույն երգ» համարվեց Արամ Mp3-ի «Երևի» ստեղծագործությունը: Երգը հաղթեց նաև «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:
«Լավագույն կոմպոզիտոր» ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը:
«Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում» անվանակարգերում մրցանակը տրվեց Ավետիս Բերբերյանին՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի համար:
«Լավագույն հեղինակ-կատարող» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում մրցանակը տրվեց Yellowheart-ին:
«Լավագույն խումբ-նախագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ LA Project-ը:
«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն» անվանակարգում հաղթեց Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝ բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» ճանաչվեց «Նեմրա»-ն:
«Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ» անվանակարգում մրցանակի արժանացավ D’LITTE-ը:
«Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ» համարվեց Yerevan Calling-ը:
«Լավագույն դասական նախագիծ» անվանակարգում մրցանակը տրվեց «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ին:
«Լավագույն դասական երգիչ, երգչուհի» մրցանակին արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը:
«Լավագույն քավր» համարվեց Մարտին Ուլիխանյանի «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի» երգը:
Հատուկ մրցանակը տրվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին:
Մրցանակը հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը.
«Յուրաքանչյուր սերունդ ունի իր լեգենդները։ Այսօր մեծարում ենք նրանցից մեկին՝ մարդու, որի ձայնն արձագանք է գտել բոլորի սրտերում, մարդու, որը պատմել է մեր կյանքի, մեր հայրենիքի, սիրո և հպարտության մասին»,- նշեց փոխնախարարը։
Միջոցառման կայացմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դանիել Դանիելյանն ուրախալի համարեց, որ Հայաստանում մշակույթը զարգանում է, ինչի արդյունքում նաև «Խազեր» մրցանակաբաշխությունն է կազմակերպվել:
«Մենք աջակցել ենք մրցանակաբաշխությանը, քանի որ մրցանակակիրների ընտրության հետաքրքիր ձևաչափ կար՝ համահունչ «Գրեմմի»-ին: Կարևոր է նաև այն, որ «Խազեր»-ն ընդգրկում է դասական, ժողովրդական երաժշտությունը. չափանիշները շատ բարձր են»,-ընդգծեց Դանիելյանը:
Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց՝ «Խազեր»-ն ունի նոր ձևաչափ, որը հայկական երաժշտությանը հնարավորություն կտա ավելի հասանելի, մատչելի լինել շատերի համար:
Ակադեմիայի խորհրդի անդամ Արաքսյա Մուշեղյանը նկատեց՝ հասունացել էր ժամանակը, երբ ոլորտի շատ մասնագետներ, մտահոգված լինելով արվեստի, մշակույթի ճակատագրով, զարգացմամբ, ցանկացան անել մի միջոցառում, որն այդ ասպարեզում դրական փոփոխություններ կբերի:
«Մրցանակաբաշխության մեջ ներգրավված են պրոֆեսիոնալ, կայացած արվեստագետներ: Ինձ թվում է՝ ոչ մի կասկած չկա, որ այս մրցանակաբաշխությամբ ճանապարհ կհարթենք տաղանդավոր երաժիշտների համար»,-նշեց նա:
Հաղթողներին տրվեց «Խազ» յուրատեսակ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ, նկարիչ Արման Նուռն է։
Մրցանակաբաշխության ռեժիսորներն էին Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ «Խազեր»-ն անցկացվեց միջազգային մրցանակաբաշխությունների ձևաչափով։ Միջոցառումը մեկնարկեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցեցին երաժշտական ոլորտի առաջատարները։