Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 6-ով
2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 45 տարրերից, համալրվում է ևս 6-ով: Դրանք են՝ «Ասեղնագործություն», «Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում», «Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում», «Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը», «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված Տերընդեզ և Վարդավառ տոների մասին տեղեկությունները:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ կերպով արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին: